Ողջույն, Հյուր! Գրանցում RSS

ArmBlogger.at.ua

Հինգշաբթի, 09.05.2024
Գլխավոր էջ » Ֆայլեր » Հուզիչ

Նոր մանրամասներ ծննդատանը հրազենային վնասվածք ստացած կնոջ և փոքրիկի առողջական վիճակի մասին
10.07.2015, 18:34

Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում հունիսի 30-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած 27-ամյա կնոջ առողջական վիճակում առկա է դրական շարժընթաց: Գիտակցությունը պահպանված է, հեմոդինամիկ բոլոր ցուցանիշները դրական են, հավասարակշռված պատասխանում է բժիշկների հարցերին, զգալի նվազել է այտուցվածությունը, տեղեկացնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Կինը դեռևս գտնվում է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում` բնական շնչառության պայմաններում: Կյանքին սպառնացող վտանգները հաղթահարված են:

Կնոջ` կեսարյան հատման ճանապարհով լույս աշխարհ եկած երեխայի առողջական վիճակում նույնպես առկա է դրական տեղաշարժ: Նորածինը շնչում է առանց արհեստական շնչառության սարքի օգնության: Ստանում է արհեստական սնունդ: Բոլոր ցուցանիշները նորմի սահմաններում են:

Բժշկական անձնակազմի համատեղ աշխատանքի շնորհիվ իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները` մոր և նորածնի առողջական վիճակը բարելավելու ուղղությամբ: Մասնագետները նրանց առողջական վիճակի մասին ամեն օր զեկուցում են ՀՀ առողջապահության նախարարին:

Նշենք, որ վերջին մեկ շաբաթում Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում փրկվել է ևս երկու մոր և նորածնի կյանք:

Գյումրիից ծանր վիճակում, 3-րդ աստիճանի անեմիայով կինը տեղափոխվել է Երևան, կատարվել է կեսարյան հատում: ՀՀ Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մասնագետների խորհրդատվության արդյունքում որոշվել է ծննդկանին փոխներարկել անհրաժեշտ քանակությամբ էրիտրոցիտներ, պլազմա: Այժմ մոր և նորածնի վիճակը գնահատվում է բավարար:

Մյուս դեպքում` 19-ամյա կինը 2-րդ ծննդաբերության ժամանակ բարդացած մանկաբարձական անամնեզով ընդունվել է Աբովյանի բժշկական կենտրոն, հետծննդյան շրջանում ունեցել է արյունահոսություն: Ծննդկանի կյանքը փրկելու նպատակով ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի հետ մասնագիտական խորհրդատվության արդյունքում կատարվել են անհրաժեշտ միջոցառումներն ու օպերատիվ միջամտություններ: Կնոջ առողջական վիճակը գնահատվում է բավարար:

 

Նյութի աղբյուր՝ http://blog.1in.am/blog/149795.html

Կատեգորիա: Հուզիչ | Ավելացրեց: manfan14 | Տեգեր: առողջական, մասին, ստացած, հրազենային, մանրամասներ, փոքրիկի, ծննդատանը, վնասվածք, կնոջ, վիճակի
Դիտումներ: 486 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar